Ադրբեջանը մտադիր է Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ բռնազավթել, այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ նշելով, որ ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր։ «Սա սահմանային միջադեպ չէր, այլ ուղիղ և անհերքելի հարձակում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ռազմական օբյեկտներից բացի, մտադրված կերպով թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկտները, այդ թվում զբոսաշրջային Ջերմուկ քաղաքը, ինչպես նաև խաղաղ բնակիչները։ Նա նաև հիշատակեց 207 զոհերի և 283-ից ավելի վիրավորների, նաև ադրբեջանական կողմից հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։
«Պաշտոնական հայտարարությունները և տեղեկատվական այլ աղբյուրներ վկայում են, որ Ադրբեջանը մտադիր է բռնազավթել Հայաստանի նոր տարածքներ, ինչը պետք է կանխել։ Ցանկանում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը և զոհերի ու վիրավորների թվաքանակը ամեն պահ կարող է փոխվել»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ տարածաշրջանի անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքների հետևանքով իրավիճակը կարող է հետագայում կրկին սրվել։ Սա, ըստ նրա, լուրջ հարցեր է առաջացրել հայ հանրության շրջանում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հակառակ վերը թվարկված փաստերի՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ներկայանալ որպես պետություն, որը ձգտում է խաղաղության ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի հետ։ Եվ նման տպավորություն թողնելու նպատակով Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի, սահմանազատման/սահմանագծման և տարածաշրջանում հաղորդակցությունների թեման։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանն իր քաղաքական խոսույթում պարբերաբար ակնարկում է, թե Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի Ադրբեջանին, ինչը, ըստ նրանց, ենթադրում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ «Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է և 9-րդ հոդվածում որևէ հիշատակում չկա միջանցքի, արտատարածքայնության մասին և այլն»,– ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակը ճգնաժամ ստեղծելն է, որը հող կպատրաստի Հայաստանի վրա նոր ագրեսիայի համար։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի միջավայրում, երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ուժ է գործադրում, որպեսզի վերջ դնի հայկական պետականությանը, անկախությանն ու ժողովրդավարությանը։ «Սակայն ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք վճռական ենք տրամադրված՝ պաշտպանելու մեր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով։ Ցանկանում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար և միջազգային հանրության լիակատար ներգրավվածությունն ու աջակցությունը հույժ կարևոր է»,– ասաց նա։
«Անշուշտ, հանուն տարածաշրջանային կայունության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից»,– ասաց նա՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանը միջազգային հանրության լիակատար աջակցության կարիքն ունի։
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավատում է, որ հնարավոր է երկարաժամկետ կայունություն, անհավանություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում և Հայաստանը հավատարիմ է այս հանձնառությանը