Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի ահաբեկչական գործողության քրեական գործով կալանավորել է ութ մարդ, նրանցից հինգը՝ ռուսաստանցի, երեքը՝ Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիներ, տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնում։

«Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները եւ գործակալական ցանցը։ Պայթուցիկը գտնվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթի 22 գլանափաթեթներում, 22 770 կիլոգրամ ընդհանուր քաշով»,- նշվել է մամլո հաղորդագրությունում։


Օգոստոսի սկզբին բեռն ուղարկել են Օդեսայի նավահանգստից բուլղարական Ռուսե՝ Կիեւի «Տրանսլոգիստիկա ՈւԱ» ՍՊԸ-ի եւ բուլղարական Baltex Capital S.A-ի միջեւ№ 02/08/2022 պայմանագրով։

Բուլղարիայից այն վրացական Փոթի նավահանգստով անցել է Հայաստան։ Փոխադրմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լեւան» անունով բրոքերը եւ Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը «Տրանսալյանս» երեւանյան տերմինալում բեռը մաքսազերծել են ըստ ԵՏՄ-ի կանոնների եւ փոխել փաստաթղթերը։ Այժմ բեռն առաքող էր դարձել «ГУ АР ДЖИ ГРУП» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)։

Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետում, երկու օր հետո այն հասցվել եւ բեռնաթափվել է Արմավիրի մեծածախ բազայում։

Հոկտեմբերի 7-ին, Ռ.Սոլոմկոյի աջակցությամբ, Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Վասիլիի Զլոբի եւ Ռուսաստանի եւս հինգ քաղաքացու բեռան փաստաթղթերը նորից փոխել են։ Որպես առաքիչ նշվել է Ուլյանովսկի «ТЭК-34» ՍՊԸ-ն, իսկ ստացողը՝ Ղրիմում գոյություն չունեցող ընկերությունը։

«Նույն օրը գլանափաթեթները բեռնվել են Ռուսաստանի քաղաքացի, 1971թ. ծնված Մահիր Յուսուբովի բեռնատար ավտոմեքենան, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 06.03-ին, Ղրիմի կամրջի ուղղությամբ իրականացվել է պայթյուն»,- նշել են ԱԴԾ-ում։

Բեռնափոխադրումը ողջ երթուղով վերահսկել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը՝ սխեմայի մասնակիցներին ներկայանալով որպես «Իվան Իվանովիչ»։ Գործողությունների համակարգման համար նա օգտագործել է վիրտուալ անանուն համար, ինչպես նաեւ հեռախոս՝ գրանցված Կրեմենչուգի բնակիչ Սերգեյ Անդրեյչենկոյի անունով։