Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ավանդական ձեւաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին:

Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ եւ անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: