Ազգային ժողովում այսօր քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում եզրակացություն անելով թեկնածուների վերաբերյալ, նշեց, որ եթե նույնիսկ արժանավոր իրավաբան նշանակեն, ապա դա չի նշանակում, որ խնդիրները լուծվեցին:

«Եթե անգամ այս երկու անդամը միավորվեն նախագահի կողմից նշանակված իրավաբանների հետ, ոչինչ չի փոխվի, որովհետև նրանք փոքրամասնությոն են կազմում»,- իր խոսքում նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Վերջինս նշեց, որ ցավոք սրտի մեզ մոտ հակառակն է:

« Մենք հոնքը շտկելու տեղը աչքն էլ հանեցինք, եթե մինչ այդ մեր դատավորները կախված էին մի քանի կետերից, մենք այդ բոլորից փորձվեցինք ազատել, և կախեցինք մի կետից: Մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ, սահմանազատված է գործադիրից և օրենսդիրից, բայց վճռաբեկ դատարանի նախագահությամբ բուրգ է: Մենք ուզում ենք, որ մեր գործուղղված իրավաբանները փորձեն այդ բուրգը քանդել, դրա համար պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Գ. Ջհանգիրյանը հավելելով, որ այդ պաշտոնի նստած ցանկացած անձ, գործադրելով իր դատական իշխանության լիազորությունները, գործադրելով նիստը վարելու լիազորությունը, այս խորհուրդը դարձրել է մուրճ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրվել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները: