ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության դեպք է բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից, իր օգտահաշվով 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրա հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր, որոնք պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարելով պետական դավաճանություն: