Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է Կիեւի էներգաապահովման երեք օբյեկտների խոցման մասին։ Մայրաքաղաքում պայթյունների մասին տեղեկացրել է նաեւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Նախնական տվյալներով՝ երեք գրոհ է տեղի ունեցել քաղաքի ձախ ափի էներգաապահովման օբյեկտների դեմ»,- գրել է Տիմոշենկոն իր Telegram-ալիքում։


Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է պայթյուններն Ուկրաինայի մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ տուժել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտը Դեսնյանսկի շրջանում։ Նույն շրջանում՝ Կիեւի հյուսիս-արեւելքում է գտնվում թիվ 6 ՋԷԿ-ը։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղեկացրել էր, որ «քաղաքում հինգ րոպեում եղել է պայթյունների երկու շարք»։ Նրա խոսքով՝ «հարվածի տակ է արդյունաբերական ձեռնարկություններից մեկի շրջանը»։ Խարկովում կարճ ժամանակով դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն նշում։