5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում www.parliamentmonitoring.am կայքի միջոցով քաղաքացիները պատգամավորներին ուղղել են 43 նամակ: Դրանցից 5-ը հասցեագրվել են Հովիկ Աբրահամյանին, 5-ը` Սամվել Ալեքսանյանին, 7-ը` Գագիկ Ծառուկյանին:

Պարզվում է քաղաքացիները Սամվել Ալեքսանյանից խնդրում են ավտոմեքենա և հանդիպում:

«Ճիշտ էլ արել է, եթե հնարավորություն լինի կնվիրեմ, բա ինչ կանեմ»,-այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը:

ԱԺ պատգամավորը տեղեկացրեց, որ բացի այդ խնդրանքներից, շատ են լինում նամակներ, որտեղ քաղաքացիները խնդրում են, որ գործարար պատգամավորը կազմակերպի իրենց միջոցառումները:

«Հարսանիք էլ եմ անում, կնունք էլ եմ անում, ծնունդ էլ»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է կարողանում ԱԺ պատգամավորը նման բարեգործությամբ զբաղվել, եթե ինքը գործարար չէ (բազմիցս նշել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում), Սամվել Ալեքսանյանն ասաց.

«Գործարարներից խնդրում եմ, որ օգնեն ինձ, ես էլ անում եմ»:
ԱԺ պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը դեռ չի հասցրել պատասխանել նամակներին, քանի որ նոր է եկել հանգստից:
«Քոբուլեթի էի գնացել, նոր եմ եկել»,-եզրափակեց գործարար պատգամավորը: