Ռուսաստանը չի կարող և չի պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի լիագումար նիստի ժամանակ՝ պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի նախապատրաստման հետ կապված։ Այդ քննարկումները հիմնականում այն մասին են, որ գոյություն ունի երկու մրցակից նախագիծ՝ ռուսական և արևմտյան։ Իրավիճակը բավական ռիսկային է, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրավիճակը հանգիստ չէ։ Ինչպե՞ս է Ռուսաստանն արձագանքելու այս իրավիճակին և ի՞նչ հետագա քայլեր կձեռնարկի այս համատեքստում», – հարցրել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումն այն է, որ այդ խաղաղ պայմանագիրն, անշուշտ, անհրաժեշտ է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հարցի լիակատար կարգավորմանը։ Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, Հայաստանի ժողովրդի և Հայաստանի իշխանությունների գործն է։ Ցանկացած պարագայում, ինչպիսի տարբերակ էլ ընտրվի, եթե դա հանգեցնի կարգավորման, ապա մենք կողմ ենք։ Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի ներկայիս իշխանությունները համարում են, որ հարկավոր է ընտրել այդ խաղաղ պայմանագրի որևէ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ Վաշինգտոնյան տարբերակը, որը որքանով ես եմ հասկանում, ենթադրում է ընդհանուր առմամբ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանն այդպես է համարում, խնդրեմ։ Մենք կսատարենք Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրություն»,- ասել է Պուտինը։


Պուտինը շեշտել է, որ անշուշտ, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։

«Հարկավոր է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Դա շատ բարդ, ծանր հարց է», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։

«Եվ մենք զգալի չափով, հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, կկողմնորոշվենք Հայաստանի առաջարկի շուրջ», – եզրափակել է Պուտինը։