«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։

Հիմնդրամից NEWS.am-ին հայտնում են, որ Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ։


Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):