ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացնելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որ Հյուսիսային Կորեայի ճանապարհը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացմանը։ Երկու առաջնորդների հանդիպումը պետք է կայանա նոյեմբերի 14-ին Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակում։
ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Հյուսիսային Կորեան ծրագրում է 2017 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսել միջուկային ռումբի փորձարկումները, եւ կարծում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը լծակներ ունեն, որպեսզի համոզեն նրան դա չանել, հաղորդում է Reuters-ը:
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Բայդենը Չինաստանի առաջնորդին կտեղեկացնի, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար:
«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի այդ ճանապարհով գնալ, դա պարզապես կնշանակի տարածաշրջանում ամերիկյան ռազմական եւ ուժային ներկայության հետագա ուժեղացում»,-ասել է նա:
Դենիել Ռասելը՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Արեւելյան Ասիայի հարցերով ավագ դիվանագետը, վերջերս հայտարարել է, որ Չինաստանը, ի վերջո, կարող է զսպող գործոն լինել:
Ծինփինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Բայդենը բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելի հետ Կամբոջայում՝ քննարկելու, թե ինչպես զսպել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը:
Սալիվանը նաեւ ասել է, որ Բայդենը հույս ունի, որ Սիի հետ իր առաջին անձնական բանակցությունները կհանգեցնեն ավելի շատ նման հանդիպումների: