Ավելի քան 300 000 մոսկվացիներ քվեարկել են Մոսկվայում Նոր տարվա ձեւաչափի համար, մեծամասնությունը կողմ է եղել զանգվածային միջոցառումներից հրաժարվելուն։ Այս մասին իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Նոր տարվա տոնակատարության ձեւաչափի վերաբերյալ «Ակտիվ քաղաքացի»-ում քվեարկությունը մեծ ուշադրության է արժանացել մոսկվացիների կողմից։ Երկուսուկես օրվա ընթացքում իր կարծիքն է հայտնել մոտ 300 000 մարդ։ Քաղաքի բնակիչների դիրքորոշումն արտահայտվել է չափազանց հստակ եւ համախմբված։ Քվեարկության ողջ ընթացքում մասնակիցների ավելի քան 80 տոկոսն աջակցել է ամանորյա միջոցառումների անցկացմանը եւ քաղաքի տոնական ձեւավորմանը»,- գրել է Սոբյանինը։


Նա պարզաբանել է, որ միաժամանակ 29 տոկոսը կողմ է եղել տոնակատարության սովորական ձեւաչափին, իսկ 52 տոկոսն առաջարկել է այս անգամ զերծ մնալ փողոցային զանգվածային համերգներից։ «Շնորհակալություն, բարեկամներ, ակտիվ դիրքորոշման համար։ Ձեր որոշումը կիրականացվի»,- հավելել է քաղաքապետը։

Հրավառություն եւս չի լինի։ «Հրավառություններ եւ փողոցային մեծ համերգներ այս տարի նպատակահարմար ենք համարում չանցկացնել։ Բայց միեւնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին»,- գրել է քաղաքապետը։