Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված «հակաադրբեջանական սադրիչ» բանաձևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված՝ ստով և զրպարտությամբ լի բանաձևը այդ երկրի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ:
«Բանաձևը նպատակ ունի վնաս հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որն այդպիսով չի կարող լինել չեզոք և արդար միջնորդ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։