Գլխավոր դատախազությունը մանրամասնում է, թե ինչու է Ֆրանսիան մերժել արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, հաղորդում է «Ազատությունը»:

Ըստ դատախազության՝ արտահանձնումը մերժվել է 1957 թվականին ընդունված «Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի» վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն։ Ըստ այդմ, հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող անձի համար կարող է առաջացնել ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված:


Նոյեմբերի վերջին դատախազությունն, «Ազատության» հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր, որ Ֆրանսիան մերժել է արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին։ Դատական մարմիններն այս որոշման հիմքում դրել են Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։

Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին էր վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չէր մանրամասնել։

Հանրապետականի իշխանության տարիներին Սյունիքի ազդեցիկ մարզպետը, որ հայտնի էր բազմաթիվ քրեական աղմկահարույց պատմություններով, հետախուզվում է դեռ 2019-ից։ Հայաստանում նրան մեղադրում են պաշտոնական կեղծիքի, վատնման ու լիազորություններն անցնելու համար։ Դեռ 2020-ին tert.am-ի հետ զրույցում հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը պնդել էր, թե անօրինականություններ թույլ չի տվել, ասել, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառնա Հայաստան։