«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, լուրջ փոփոխություններ կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների առումով, չի բացառվում նաև միավորման տարբերակը։
Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, նախնական տարբերակով իշխանությունները պատրաստվում են առողջապահության նախարարության մեջ ներառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաղադրիչ ունեցող ոլորտային հատվածը։ Ինչ վերաբերում է նախարարության մնացած «բլոկների» հետագա ճակատագրին, ապա քննարկվում է այն վարչապետի աշխատակազմի շրջանակներում տեղավորելու հնարավորությունը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ինչ կարգավիճակ կմտածեն. չի բացառվում առընթեր ՊՈԱԿ ստեղծելու տարբերակը։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ վարչապետի աշխատակազմին առաջիկայում լրացուցիչ այլ լիազորություններ ևս կընձեռվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում