Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Նման անհեթեթ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները փորձում են կանխել գողացված բնական ռեսուրսների տեղափոխումը, այլ ոչ թե խոչընդոտել քաղաքացիական նշանակության այլ տրանսպորտային միջոցների շարժը»,-ասել է Հաջիեւը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանցիները, իբր, էկոլոգիական պատճառներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Արդեն մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու ոտնահարում ԼՂ խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։