Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,


Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։

Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։

Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»: