Մայրաքաղաքի հիմնական փողոցներում ավտոբուսների առանձնացված գծեր ունենալու մտադրություն կա, նախագծման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կմեկնարկեն հաջորդ տարի: Ինչ վերաբերում է մետրոյի նոր՝ Աջափնյակի կայարանի կառուցմանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ դա այն ծրագիրը չէ, որ պետք է երազանք մնա Երևանի համար, ամբողջական նախագիծը կլինի հաջորդ տարի, որին կհետևեն կառուցման աշխատանքները: Տրանսպորտային ամբողջական ռեֆորմի 80-90 տոկոսը 1-2 տարում ավարտին հասցված կլինի: Ավինյանն այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այն տրանսպորտային ցանցը, որ այս պահի դրությամբ սպասարկում է Երևանին, մեղմ ասած, բավարար չէ, սպասարկման համար: Նոր ավտոբուսների գնումները որոշ չափով այդ ծանրաբեռնվածությունը կմեղմեն»,-ասաց Ավինյանը՝ հիշեցնելով սպասվող նոր խմբաքանակների մասին:


Սակայն փոխքաղաքապետն ընդգծեց, որ միայն ավտոբուսները տրանսպորտային համալիր խնդիր չեն: Դա բացի որակյալ ավտոբուսներից և նրանց սպասարկումից, ենթադրում է քաղաքում հիմնական պողոտաներում ավտոբուսի առանձնացված գծեր, հարմարեցված կանգառներ, կանգառասրահներ, էլեկտրոնային չվացուցակներ կանգառներում, մետրոյի և մնացյալ տրանսպորտային ցանցի համադրում և տոմսային միացյալ համակարգ: Այս բոլոր բաղադրիչները միասին նոր դառնում են տրանսպորտային ամբողջական ռեֆորմ:

Իսկ թե վերոնշյալ բաղադրիչները երբ կլինեն՝ Ավինյանն ասաց. «Ավտոբուսների ներկրման և գործող ավտոբուսային պարկի նորոգման տեսանկյունից հաջորդ տարի գրեթե 90 տոկոսով խնդիրը լուծած կլինենք: Այս պահի դրությամբ ունենք հայտարարված մրցույթ՝ միասնական տոմսային համակարգի համար: Այս պահի դրությամբ նախագծում ենք Աջափնյակի մետրոյի կայարանը: Ավտոբուսների առանձնացված գծերի վերաբերյալ արդեն իսկ իրականացված մի քանի քննարկում ունենք: Հաջորդ տարի կարծում եմ՝ կսկսենք նախագծման աշխատանքները: Տարբեր ժամանակամիջոցներում տարբեր լուծումներ կներդրվեն: Բայց հիմնականում 1-2 տարում ամբողջ ռեֆորմի 80-90 տոկոսը ավարտին հասցված կլինի: Եվ միայն մետրոյի կայարանն է, որի կառուցումը կպահանջի նվազագույնը 4 տարի»:

Մետոյի և մնացած տրանսպորտային ցանցի համադրումը տեղի է ունենալու հաջորդ տարվանից սկսած:

Շատ երկար տարիներ արդեն իսկ խոսվում է մետրոյի նոր կայարանի կառուցման մասին: Ավինյանը շեշտեց՝ այս տարի է միայն, որ գործնական քայլ է արվել այս ուղղությամբ: Նա նկատեց՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման հետ կապված մարդկանց մոտ թերահավատություն կա: «Կառուցվելու է վստահաբար: Նախագծին արդեն իսկ մոտավորապես 750 մլն դրամ ենք հատկացրել: Մենք ամբողջական նախագիծն արդեն հաջորդ տարի ունենալու ենք: Եվ այդ նախագծով, իհարկե կառավարության աջակցությամբ, սկսելու ենք կառուցման աշխատանքները: Մենք 2018 թվականից ենթակառուցվածքների տեսանկյունից շատ մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել: Եվ վստահեցնում եմ՝ մետրոյի կայարանն այն ծրագիրը չէ, որ պետք է Երևանի համար երազանք մնա»,-ասաց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքում պարբերաբար տեղի ունեցող ինքնակամ կառույցների ապամոնտաժման աշխատանքներին և հարցին՝ արդյոք բացառապես բոլո՞ր ինքնակամ կառույցներն են ապամոնտաժվելու՝ Ավինյանն ասաց. «Այստեղ պետք է գանք նպատակներից: Եթե մենք անկանոն ուղղակի բոլոր ինքնակամ կառույցները քանդելու լինենք, կստացվի, որ մարդկանց տներ ենք քանդելու, որոնք չեն գրանցվել»:

Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ առաջնահերթությունը տալիս են այն կառույցներին, որ հասարակական տարածքներ՝ մայթեր, այգիներ են զավթել, փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Դա հավասարապես վերաբերում է բոլոր վարչական շրջաններին: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ հանրային տարածքները, մասնավորապես կանաչ տարածքները, վերադարձնում են հանրությանը:

Ավինյանը նկատեց՝ նաև կլինի քննադատություն, սակայն նույնիսկ մարդիկ, որոնք շահագործում են այդ կրպակները, հասականում են, որ վաղ թե ուշ պետք է այդ օրը գա: «Այդ օրերն եկել են արդեն, որ հանրային տարածքները պետք է մաքրվեն»,-նշեց նա: