Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն է անդրադարձել Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր շարունակ փակ լինելուն՝ դա համարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների սառեցում կամ հետ մղում։

«Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված սրացումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասով տարվող աշխատանքը»,- ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարարն ու հավելել, որ նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների՝ առանց այն էլ զգայուն ֆոնը։
Ռուս պաշտոնյան վստահեցրել է, որ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրում իրավիճակը «հողի վրա» կարգավորելու համար։


«Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի (խաղաղության պայմանագրի- հեղ.) համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել երկուստեք ընկալելի լուծման, ինչը տարածաշրջանում կայուն խաղաղություն կերաշխավորի»,- նշել է Գալուզինը։

Ռուսական կողմը, փաաստորեն, Արցախում ստեղծված իրավիճակին բավական սթափ գնահատական է տալիս՝ ընդգծելով, որ շրջափակման մեջ գտնվող Արցախում իրավիճակն անհանգստացնող է։ Փաստ է սակայն, որ արդեն 16-րդ օրն է, ինչ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող միջանցքը շարունակում է փակված մնալ։