Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գերազանցեց հոր ցուցանիշը Անգլիայի առաջնությունում խփած գոլերի քանակով։
«Լիդս Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (3:1) Էրլինգ Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 20-ի։ Ալֆ-Ինգե Հոլանդը 18 գոլ է խփել Պրեմիեր լիգայում, հաղորդում է ESPN-ը։ Դրա համար նրան պահանջվել էր 181 հանդիպում։
Էրլինգ Հոլանդը ընդամենը 14 խաղում հասավ 20 գոլի, ինչը Պրեմիեր լիգայի ռեկորդ է։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը նաեւ 3 գոլային փոխանցում է կատարել։
Հոլանդը ծնվել է Լիդսում։ Նրա հայրը եղել է «Լիդս Յունայթեդի» (1997-2000) եւ «Մանչեսթեր Սիթիի» (2000-2003) խաղացող։ Հանդես է եկել նաեւ նորվեգական «Բրյունեում» (1990-1993) եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթում» (1993-1997):
Նորվեգիայի հավաքականի կազմում Ալֆ-Ինգե Հոլանդը մասնակցել է 1994թ․ աշխարհի առաջնությանը։