Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ուկրաինային վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, քանի որ դրանք ձեռք է բերել 2008 թվականին ոչ անվճար: Այս մասին ասվում է Վրաստանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Կիեւը հարցում է ուղարկել Թբիլիսիին 2008թ. մարտական գործողությունների ընթացքում փոխանցված «Բուկ» զենիթահրթիռային համալիրների վերադարձման վերաբերյալ:
«Այն, որ Ուկրաինան անհատույց Վրաստանին է հանձնել «Բուկ» ՀՕՊ համակարգերը, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանական գերատեսչությունը «Բուկ» համակարգեր է ստացել 2007 թվականին բազմամիլիոնանոց գնման միջոցով»,-հայտարարել է Վրաստանի ՊՆ-ն։
Նշվում է, որ «Բուկ» համակարգի ձեռքբերումն իրականացվել է գաղտնի համաձայնագրով։ Նախօրեին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Միկանաձեն հայտարարել է, որ Կասյանովի խոսքերը Կիեւի իշխանությունների կողմից սպառազինությունը վերադարձնելու հարցման մասին, որը 15 տարի առաջ փոխանցվել էր Թբիլիսիին, վրացիներին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու հերթական փորձ է։