«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը: Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են եւ դրանք կարգավորող իրավական ակտերը:

Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարեւորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր:


Հիմա կարեւորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, եւ այդ մասին տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաեւ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում