Սաուդյան Արաբիան փորձում է Իրանի հետ երկխոսության ուղի գտնել՝ որպես տարաձայնությունների լուծման լավագույն միջոց։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բն Ֆարհան Ալ Սաուդը։

Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների որոշումը՝ կենտրոնանալ իրենց տնտեսությունների եւ զարգացման վրա, «ուժեղ ազդանշան է ուղարկել Իրանին եւ տարածաշրջանի այլ երկրներին առ այն, որ ավանդական վեճերից այն կողմ կա ընդհանուր բարգավաճման ճանապարհ», - ասել է նա:


Էր Ռիադը եւ Թեհրանը խզել են հարաբերությունները 2016 թվականին, սակայն անցյալ տարվանից երկու երկրների պաշտոնյաները Իրաքի կողմից կազմակերպված ուղիղ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել, վերջինը՝ ապրիլին, սակայն առանց դիվանագիտական ​​առաջընթացի:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը, ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, նույնպես ասել է, որ պետք է ճանապարհ գտնել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, հակառակ դեպքում համաշխարհային անորոշությունը կպահպանվի․ «Սա բարդ հարց է, բայց մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես գտնել հակամարտությունը դադարեցնելու ճանապարհը»:

Արքայազն Ֆեյսալն ասել է, որ պետք է ուշադրություն դարձնել նաեւ Մերձավոր Արեւելքին՝ վկայակոչելով Սիրիան, ինչպես նաեւ տարածաշրջանային մտահոգությունները Իսրայելի նոր կառավարության՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «սադրիչ քաղաքականության» վերաբերյալ, որը դաշնակցում է ծայրահեղ ազգայնականների հետ: