Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ՝ հայտնում են ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ:


ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը:

Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին: