Մոտ երեք տասնյակ կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահներին։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանի Հանրապետության ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» անվան տակ, որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես այդպիսին անգամ Ադրբեջանի բնապահպանները, շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը սպառնալիք է Հայաստանի համար, երբ Ադրբեջանից և Թուրքիայից հնչում են նոր ռազմական ագրեսիայի բացահայտ կոչեր։
Ադրբեջանն իր կազմավորումից՝ 1920 թվականից ի վեր, մշտապես վարում է ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ճնշումների, բռնության և էթնիկ զտումների քաղաքականություն՝ բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի նկատմամբ։ Այդ ամենը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» բանաձևին (United Nations General Assembly on 9 December 1948, Resolution 260 (III); “Adoption of the Conven-tion on the Prevention and Punishment of the Crime of Genocide”): Նույնը շարունակվում է այսօր՝ դաժան ցրտի պայմաններում արգելափակելով Արցախի գազամուղը, Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ նպատակ ունենալով սոցիալական, առողջապահական, պարենային և տնտեսական անտանելի իրավիճակ ստեղծել և արցախահայությանը պարտադրել զանգվածային ատագաղթ։
Մենք՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրությունը ներկայացնող կազմակերպությունների անդամներս դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը, ինպես նաև Արցախի հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային։
Եթե մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, որն այս դեպքում աղերսվում է տարրական ապրելու իրավունքի հետ, վերացական հասկացություններ չեն և չկան երկակի ստանդարտներ տարբեր երկրների ու տարածաշրջանների համար, ապա կոչ ենք անում՝
.անհապաղ հասցեականորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտման նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության շրջափակումը,
. շրջափակման վերացմանն ուղղված կոչերին և հայտարարություններին չանսալու և չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, ինչպես նաև՝ համապատասխան գործիքակազմ, և կասեցնել նրա անդամությունը միջազգային կազմակերպություններին,
. ձեռնարկել միջոցներ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով ռազմական ագրեսիայի լարումը և զարգացումը կանխելու նպատակով»։
- ՇՈՒՇԻ հայրենակցական միություն
- «Արկադի ՏերԹադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ»ՀԿ
- Համահայկական ազգային համաձայնություն
- «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»ՀԿ
- «Հայ ազգային ճակատ» ՀԿ
- Նժդեհյան ցեղակրոն կուսակություն
- «Պահեստազորի սպաներ» շարժում
- Հայք-Հայկազուն կուսակցություն
- Քրիստոնեա Ժողովրդական կուսակցություն
- «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական ՀԿ
- «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ» նախաձեռնություն
- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
- «ԹԵԳՄ» ՀԿ (Թերապևտների երիտասարդական գիտական միություն)
- «ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
- «Անգել» ՀԿ
- «ՆՅՈՒ ԱՐՔ» ՀԿ
- «ԱՊԱԴԱՆԱ» ՀԿ
- «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» հետազոտական կենտրոն
- «Ֆերմերային շարժում» ՀԿ
- «Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոն
- Համահայկական գրողների միություն
- Սպառողների աջակցման կենտրոն
- ՋԵՆԵՍԻՍ – ԱՐՄԵՆԻԱ ուղեղային կենտրոն հիմնադրամ
- Մշակույթի գործիչների «Ձայն հայրենեաց» շարժում
- «Վերադարձ» հիմնադրամ
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ
- «ԱՐԱԲՈ» հայրենասիրական միություն» ՀԿ
- «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ։