«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Ի դեպ, դատախազությունը միջնորդագրերն ուղարկել էր ԱԺ եւ անմիջապես հաղորդագրություն տարածել, իսկ ԱԺ ղեկավարությունն այդ միջնորդագրերի մասին պատգամավորին տեղեկացրել է բավականին ուշ, երբ լուրն արդեն տարածվել էր:
Դաշինքից մեզ ասացին, որ տարեվերջին իշխանությունները ոչ միայն մամուլով արտահոսք կազմակերպեցին այդ մասին, այլեւ ոմանք Օհանյանին զգուշացրել են, սակայն նա չի հավատացել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը գլխատելով` իր դեմ պայքարը կնվազեցնի: Գուցե նպաստել է նաեւ Օհանյանի նախօրեի հայտարարությունը, թե վերջին դեպքը բավարար է, որ ամբողջ թիմով հրաժարական տան։ Հնարավոր է նաեւ նպատակը այդ ողբերգությունից մարդկանց ուշադրությունը դեպի «նախկինների թալանը» շեղելն է: Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա նրանք եւս անակնկալի են եկել միջնորդությունից եւ երեկ դեռ ցուցում չէին ստացել՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ հարցը կքննարկվի փետրվարի 7-ին, այսինքն` միջնորդությունն ուղարկվել է 16-17 օր շուտ, թեեւ կարող էին ուղարկել նախօրեին:
Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքի 22 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կկայանա երկուշաբթի` հունվարի 23-ին: Գուցե այդ օրն էլ որոշում կայացնեն մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, որտեղ Սեդա Սաֆարյան-Վահե Գրիգորյան եւ մյուսներ կազմը հարցը կլուծի իրեն ցանկալի ձեւով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում