Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում շարունակում են սիրիական քիմիական զենքի հարցով բանակցությունները: Շաբաթ օրը կողմերի խորհրդակցության թվով երրորդ օրն է:
Ժնևում Լավրովը և Քերին եկել են քիմիական զենքի մասնագետների խմբով: Օրակարգում գտնվում է Սիրիայի քիմիական զենքի` միջազգային հանրության հանձնելու տեխնիկական կողմերը և դրանց հետագա ոչնչացումը:
Արտաքին քաղաքականության մարմինների ղեկավարների և փորձագետների բանակցությունները սկսվել են դեռևս հինգշաբթի օրը: Սակայն ուրբաթ երեկոյան, երբ Intercontinental հյուրանոցում հավաքված լրագրողները սպասում էին մամլո կոնֆերանսի, հայտնի դարձավ, որ բանակցությունները երկարաձգվում են:
Բանակցությունների հենց սկզբից ռուս և ամերիկացի դիվանագետները պայմանավորվել էին չմեկնաբանել դրանց ընթացքը մամուլի համար, սակայն մտածելու առիթ տվեց ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի նախկին հատուկ ներկայացուցիչ Կոֆի Անանի հայտնվելը հյուրանոցում, որտեղ տեղի են ունենում Սիրիայի հարցով քննարկումները: Նա հանդիպել է Ջոն Քերիի, իսկ մի քանի ժամ հետո նաև Սերգեյ Լավրովի հետ:
Անանը նշել է, որ Լավրովիւ և Քերիի «լուրջ աշխատանքը» իր ազդեցությունը կունենա Սիրիայում հումանիտար իրավիճակի վրա: Ավելին նա համոզմունք է հայտնել, որ «քիմիական զենքի համաձայնությունը երկու կողմերին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Անանը Ժնևում Քերիի հետ հանդիպումից հետո:

Ռուսական պատվիրակության մոտ կանգնած աղբյուրը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների ընթացքը կառուցողական է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի ուշ հույս է հայտնել, որ Ժնևում բանակցությունները արդյունավետ կլինեն:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Բոգդանովը, ինչպես նաև գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Բացի դա Ժնևում են գտնվում նաև Պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և արդյունաբերության ու առևտրի նախարարության պաշտոնյաներ: Ամերիկայի կողմից բանակցություններին մասնակցում են Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ինչպես նաև փորձագետներ Պենտագոնից և ազգային անվտանգության խորհրդից: