Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները՝ դավադրություն իրականացնելով հայ ժողովրդի թիկունքում, իրականացնում են Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու եւ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա չբացառեց, որ ստեղծված իրավիճակը կարող է շատ երկար տեւել, մինչեւ արդյունքի չհասնի։ Նրա կարծիքով՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցը սառեցված է, բայց օրակարգից չի հանվել։ «Բաքուն եւ Երեւանը չեն համակերպվի այս իրավիճակի հետ։ Հայաստանի իշխանությունները հասարակությանը վարակել են հակառուսական տրամադրություններով։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ այդ գործողությունների արդյունքում Հայաստանի հակառակորդների ցուցակին կարող է ավելանալ նաեւ Ռուսաստանը։ Այն, թե ինչ դաժան թշնամի է Ռուսաստանը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետեւող մարդիկ կարող են դա հաստատել։ Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, իսկ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա ժամանակավորապես»,-նշեց Կիվիրյանը։