Փաստաբանների պալատի նախագահի այսօրվա ընտրություններին մասնակցել են արդեն բոլոր երեք թեկնածուները և նախկին նախագահը:

Նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը բոլորից լավ գիտի պալատի թերությունները և հույս հայտնեց, որ նորընտիր նախագահը կշտկի և աշխատանքներ կտանի այդ ուղղությամբ: Նա նաև նշեց, որ համոզված է, որ նախագահն իրենից լավ է աշխատելու:

Իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև թեկնածու Արա Զոհրաբյանը: «Այս ընտրություններով մեր փաստաբանները պետք է ցույց տան, որ մեր ընտրություններն անցնում են նորմալ, մեզ մոտ փաստաբանության հեղինակությունը պետք է բարձրանա: Ակնկալիքներս սրանք են», - նշեց նա: 

Նա նաև կարծիք հայտնեց, որ օրենքում պետք է փոփոխություններ կատարել և թեկնածուները զրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից, քանի որ նրանք ինքնին շահագրգիռ անձինք են:

«Այսօր մասնակցեցի, քանի որ այդպես էր նախատեսված և իմ չմասնակցելը կդիտվեր որպես արհամարհանք», - նշեց նա, հավելելով, որ ով էլ ընտրվի ՓՊ նախագահ, պետք է կարողանա պահպանել ձեռքբերումները և շտկել թերությունները: