Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից:
Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր:
Հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում:
Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Հայանը մի քանի օրից կլինի Երևանում:
Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին ավարտվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Ծրագիրը հնարավորություն կտա շուրջ 30 տոկոսով նվազեցնել էներգածախսը: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը:
Համայնքը նախատեսում է սկսել կիսակենսունակ և ոչ արժեքավոր ծառերի փոխարինման գործընթաց: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների մասնակցությամբ կհրավիրվի գիտաժողով, համատեղ կմշակվի գործողությունների ծրագիր: