Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը պահանջել է, որ արտասահմանյան տերությունները դադարեցնեն Աֆրիկայի բնական ռեսուրսների թալանը՝ «իրենց ագահության թույնի» համար, երբ ժամանել է Կոնգո, որտեղ նրան դիմավորել են Կոնգոյի բնակիչները, որոնք երախտապարտ են, որ Պապը ուշադրություն է հրավիրել իրենց մոռացված աղետալի վիճակի վրա, հայտնում է АР-ն:

Տասնյակ հազարավոր մարդիկ շարվել են մայրաքաղաք Կինշասա տանող գլխավոր ճանապարհի երկայնքով, որպեսզի ողջունեն Ֆրանցիսկոսին օդանավակայանում նրա վայրէջք կատարելուց հետո, ոմանք երեք կամ չորս շարքով են կանգնել, իսկ դպրոցական համազգեստով երեխաները առաջին շարքերում են եղել:


«Ձեռքերը հեռու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: Ձեռքերը հեռու Աֆրիկայից»,- Կինշասայի ազգային պալատի պարտեզում ծափահարությունների ներքո իր բացման խոսքում հայտարարել է Ֆրանցիսկոսը՝ Կոնգոյի իշխանությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջեւ։

Կոնգոյի հսկայական հանքային եւ բնական հարստությունը «ստեղծագործության ադամանդ» անվանելով՝ Ֆրանցիսկոսը պահանջել է, որ օտարերկրյա տերությունները դադարեն բաժանել երկիրը իրենց շահերի համար եւ ճանաչեն իրենց դերը Կոնգոյի ժողովրդի տնտեսական «շահագործման» հարցում:

Վեցօրյա ուղեւորությունը, որը ներառում է նաեւ կանգառ Հարավային Սուդանում, ի սկզբանե նախատեսված էր հուլիսին, սակայն հետաձգվել էր Պապի ծնկի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք երեքշաբթի այնքան լուրջ են եղել, որ նա չի կարողացել ողջունել լրագրողներին դեպի Կինշասա ուղեւորվող ինքնաթիռում, եւ ստիպված է եղել անվասայլակ օգտագործել իջնելուց հետո:

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր նաեւ Կոնգոյի արեւելքում գտնվող Գոմայում, սակայն հարակից Հյուսիսային Կիվու շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում կառավարական ուժերի եւ M23 ապստամբ խմբավորման միջեւ, ինչպես նաեւ հարձակումներ են լինում «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված զինյալների կողմից:

Այնտեղ գնալու փոխարեն Ֆրանցիսկոսը կհանդիպի արեւելքից բնակիչների պատվիրակության հետ, որոնք չորեքշաբթի օրը կժամանեն Կինշասա՝ Վատիկանի դեսպանատանը մասնավոր հանդիպման համար։

Համաշխարհային պարենի ծրագրի տվյալներով՝ մարտական գործողությունների հետեւանքով մոտ 5,7 միլիոն մարդ ստիպված է եղել տեղահանվել, նրանց մեկ հինգերորդը՝ անցյալ տարի: