Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում միասնական թվային հարթակի ձեւավորման հարցը կարեւոր է Հայաստանի համար։ Այս մասին ուրբաթ «Digital Almaty. թվային գործընկերությունը նոր իրականությունում» միջազգային համաժողովում ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար կարեւոր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային հարթակի ձեւավորման հարցը։ Այս համատեքստում նշեմ տեղեկության միջպետական փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտ ունեցող թվային նախագծերի ստեղծման եւ զարգացման արդիականությունն ու բարձր պահանջվածությունը»,- ասել է նա։


Փաշինյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում զարգանում է թվային էկոնոմիկան։ «Հայաստանի Հանրապետության IT-ոլորտում շրջանառությունը 2022թ. ավելացել է ավելի քան 50 տոկոսով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հատվածի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում հետեւողականորեն աճում է։ Մենք, մեր կողմից, IT- բիզնեսին սեկտորային պետական աջակցություն ենք ցուցաբերում։ Անցած տարի ավելի քան 1 000 սթարտապներ էական հարկային արտոնություններ են ստացել»,- նշել է նա։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ «միասնական թվային տարածքի ձեւավորման ժամանակ անհրաժեշտ է չմոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության համալիր համակարգի ստեղծման մասին»։ «Այս համատեքստում տվյալների շրջանառության մասին միջազգային համաձայնագրի կնքման աշխատանքի արագացումը հատկապես արդիական է թվում»,- ավելացրել է նա։