ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է երկրի հարավ-արևելքի մի շարք շրջաններում օդային տարածքի փակումը: Պատճառը Պենտագոնի գործողություններն են ազգային անվտանգության ոլորտում։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են սպասել մինչև ԱՄՆ-ի վրայով թռչող չինական օդապարիկը հասնի Ատլանտյան օվկիանոս: Դրանից հետո ԱՄՆ-ը ցանկանում են խոցել օդապարիկը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է օդային տարածքի փակումը։
Մասնավորապես՝ ժամանակավորապես փակվել են Ուիլմինգթոնի, Միրթլ Բիչի և Չարլսթոնի օդանավակայանները։
Փետրվարի 2-ին հաղորդվել էր, որ ամերիկացի զինվորականները մի քանի օր հետևում են ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկին։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը նշել է, որ զոնդի հայտնաբերումից անմիջապես հետո իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկել գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար:
Օդապարիկն Ալեուտյան կղզիներից թռել է Կանադայի տարածքով և հասել Մոնտանա նահանգ։
Փետրվարի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կենտրոնացրել են ջանքերը Նահանգների երկնքում հայտնված օդապարիկը հեռացնելու վրա: Միևնույն ժամանակ, Պենտագոնում ավելի վաղ բացատրել էին, որ նրանք չեն նախատեսում հարվածել օդապարիկին, քանի որ դա վտանգավոր կլիներ դրա չափի պատճառով:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը կոչ է արել չշահարկել «լրտեսական օդապարիկի» թեման։ Չինաստանում խոստովանել են, որ սարքը շեղվել է երթուղուց քամու պատճառով։