Իսրայելի անվտանգության վարչությունը կիրակի հայտարարել է, որ լեգալացնելու է օկուպացված Արեւմտյան ափի ինը բնակավայրեր Արեւելյան Երուսաղեմում հարձակումների շարքից, այդ թվում՝ այն հարձակումից հետո, որի հետեւանքով ուրբաթ զոհվել էր երեք մարդ։
«Ի պատասխան Երուսաղեմում մահաբեր ահաբեկչական գրոհների՝ քաղաքական եւ անվտանգության հարցերի գրասենյակը միաձայն որոշում է ընդունել լեգալացնել ինը բնակավայրեր Հուդայական սարերում եւ Սամարիայում (անվանում, որն Իսրայելն օգտագործում է Արեւմտյան ափը, պաղեստինյան տարածքը նշելու համար, որն Իսրայելն օկուպացրել է 1967-ից)»,- նշվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի հայտարարությունում։
«Այդ բնակավայրերը գոյություն ունեն արդեն երկար տարիներ, դրանց մի մասը՝ տասնամյակներ, եւ կառուցվել են առանց Իսրայելի կառավարության թույլտվության»,- նշվել է հայտարարությունում։ Տեղեկացվել է, որ Քաղաքացիական վարչակազմի բարձրագույն պլանավորման խորհուրդը կգումարվի առաջիկա օրերին, որպեսզի հաստատի նոր բնակելիի շինարարությունը Արեւմտյան ափի գոյություն ունեցող բնակավայրերում։ Կիրակի ավելի վաղ կառավարության նիստում Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է «ուժեղացնել գաղութացումը», որն անօրինական է ըստ միջազգային իրավունքի։ Ավելի քան 475 հազար իսրայելցիներ ապրում են Արեւմտյան ափի բնակավայրերում, որտեղ նաեւ 2,8 մլն պաղեստինցի է գտնվում։
Իսրայելի վարչապետը նաեւ հայտարարել է, որ իր կառավարությունը ցանկանում է այս շաբաթ Կնեսետ (խորհրդարան) մտցնել օրենք ահաբեկիչներին Իսրայելի քաղաքացիությունից զրկելու եւ արտաքսելու մասին։ Այս միջոցները տարածվելու են իսրայելցի արաբների (պաղեստինցիների սերունդների, որոնք այստեղ մնացել են 1948թ. Իսրայել պետության ստեղծումից հետո), ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեմի բնակչի կարգավիճակ ունեցող պաղեստինցիների վրա։ Այս հայտարարությունը հնչել է իսրայելա-պաղեստինյան բռնության բռնկման համատեքստում։ Ուրբաթ օրը մի պաղեստինցի սպանել էր երեք իսրայելցու, այդ թվում երկու երեխայի՝ հարձակման հետեւանքով, որը տեղի էր ունեցել Ռամոթում՝ Արեւելյան Երուսաղեմի (Իսրայելի կողմից անեքսիայի ենթարկված Սրբազան քաղաքի մի մասի) հրեական բնակավայրում։ Իսկ կիրակի իսրայելական ուժերը սպանել են պաղեստինցի դեռահասի Արեւմտյան ափի բանակային շուրջկալի ընթացքում։