Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված15 զինվորի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին տեղեկացավ նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։
Սարգսյանն ասաց, որ կապիտանն այլ դիրքորոշում չի հայտնել, հաշվի առնելով այն, որ փորձաքննությունների եզրակացությունները եւ փաստական տվյալները առայժմ հայտնի չեն:
Փաստաբանը նշեց, որ կապիտանի հարցաքննությունը կիսատ է մնացել, քանի որ նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է:
Հարցին՝ ինչո՞ւ էր կապիտանը հրդեհի օրը կացարան այցելել, Հովսեփ Սարգսյանն ասաց.
«Նա չպետք է կացարանում լիներ: Զորամասում ընդհանրապես զինվորական կարգուկանոն չի եղել: Դա եղել է իր զինծառայող ընկերների խնդրանքը: Զորամասում չկանոնակարգված իրադրություն է եղել»:
Նշենք, որ հրդեհի հետեւանքով կապիտանը այրվածքներ էր ստացել։ Նա շարունակում է բուժումը Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ երկու օր առաջ վիրահատվել էր։ Կատարվել է դեմքի եւ դաստակների մաշկի փոխպատվաստում։
Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ կապիտանն այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:
Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետեւանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ:
Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս երեք զինվորականներ, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: