ՀՀ փաստաբանների պալատի ինտերնետային էջում Տիգրան Աթանեսյանը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
Հարգելի փաստաբաններ, Պալատի նախագահի 14.09.2013թ. ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Քվեարկությունն անցել է արդար և ես ընդունել եմ դրա արդյունքները՝ շնորհավորել եմ պալատի նորընտիր նախագահին՝ թե հեռախոսազանգով, թե հրապարակավ:
Մաղթում եմ Արա Զոհրաբյանին քաջ առողջություն և արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում' ի բարօրություն բոլոր փաստաբանների և մեր ողջ հասարակության: Մեր Պալատում տեղի ունեցան մրցակցային ընտրություններ, որոնք անտարբեր չթողեցին փաստաբանների ճնշող մեծամասնությանը, ինչի մասին վկայում է փաստաբանների աննախադեպ բարձր մասնակցությունը ընտրություններին: Անտարբեր չմնաց նաև մեր հանրությունը:
Որպես Պալատի նախագահի արդեն նախկին թեկնածու, շնորհակալ եմ մեկ առ մեկ բոլոր փաստաբաններից մասնակցության համար, իսկ իմ օգտին քվեարկած փաստաբաններին վստահեցնում եմ, որ շարունակելու եմ իմ ակտիվ հանրային գործունեությունը՝ ի կատարումն բոլոր այն գաղափարների, որոնք ներկայացրել էի թե իմ նախընտրական ծրագրում, թե՝ հրապարակային ելույթներում: Իմ պարտության միակ պատճառը ես ինքս եմ, քանի որ արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չեմ հասցրել վաստակել ավելի մեծ քանակով փաստաբանների վստահությունը՝ իմ ծրագիրն ի կատար ածելու համար:
Այդուհանդերձ'՝գտնում եմ, որ փաստացի պարտվողներ այս ընտրություններում չկան, և ես և, իմ կարծիքով, պարոն Կրոմվել Գրիգորյանը արեցինք այս պահին հնարավորը, որպեսզի Պալատում հաստատվեն և զարգանան ժողովրդավարության սկզբունքները: Այս ընտրություններով ոչինչ չի ավարտվում, կամ ավելի ճիշտ ասած' ամեն ինչ դեռ նոր է սկսում: Ես ուշի ուշով հետևելու եմ Պալատի նորընտիր նախագահի և խորհրդի գործունեությանը, անհրաժեշտության դեպքում բարձրաձայնելու եմ խնդիրների մասին և հնչեցնելու եմ իմ առաջարկները, իսկ թերությունների և բացթողումների դեպքում' լինելու եմ դրանց ամենախիստ քննադատողների շարքում: Արա Զոհրաբյանը, որպես ցանկացած նորընտիր ղեկավար, համաձայն տարածված ավանդույթի, ունի 100 օր, որի ընթացքում հնարավորինս պետք է զերծ մնանք քննադատություններից և հնարավորություն ընձեռենք նրան սկսելու կյանքի կոչել իր ծրագրերը: Ես հետևելու եմ այդ ավանդույթին, սակայն կոչ եմ անում պարոն Զոհրաբյանին պաշտոնը ստանձնելուն պես' որպես առաջնահերթ քայլ, նախաձեռնել Պալատի ֆինանսական գործունեության ստուգում կամ աուդիտ, որի արդյունքում ' եթե կլինեն խախտումներ, Պալատը կազատվի այդ բեռից' անկախ անմիջական բացասական հետևանքներից, կամ էլ' հնչեցված կասկածները կփարատվեն: Պարոն Զոհրաբյանը հաղթանակ է տարել, հավաքելով ոչ միայն քվեարկությանը մասնակցած փաստաբանների ձայների տպավորիչ մեծամասնությունը, այլ նույնիսկ գործող փաստաբանների ընդհանուր թվի կեսից ավելի ձայները:
Այս պայմաններում նա ունի հսկայական վստահության քվե, որը նրան հնարավորություն է ընձեռում գործել ինքնուրույն, հաշվի առնելով միայն բոլոր փաստաբանների միասնական շահը: Վստահ եմ, որ իմ կողմնակիցները, մանավանդ նրանք, ովքեր քննադատության են ենթարկել պարոն Զոհրաբյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում, չեն ենթարկվի որևէ հետապնդումների կամ բացասական վերաբերմունքի: Սակայն ինձ և, իմ կարծիքով, Կրոմվել Գրիգորյանին, տրված ձայները, ինչպես նաև քվեարկությանը այս կամ այն պատճառներով չմասնակցած փաստաբանների թիվը, հստակ հուշում են, որ Պալատում առկա են խնդիրներ, որոնց նկատմամբ փաստաբանների վերաբերմունքը հաճախ ամբողջությամբ տարբեր է, այսինքն' առկա է հետընտրական սինդրոմի վտանգ' հնարավոր է, որ փաստաբանների մի էական զանգված պարզապես որևէ ցանկություն չունենա մոտակա ապագայում առնչություն ունենալ Պալատի հետ: Ես ինքս նման դիրքրոշումների հետ համաձայն չեմ, քանի որ իմ նախընտրական կարգախոսը', ոչ թե PR քայլ էր, այլ իմ սկզբունքային դիրքորոշումն է և միշտ եղել է ու կմնա այդպիսին:
Հետևաբար, Պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանին և Պալատի խորհրդին առաջարկում եմ կատարել հետևյալ քայլը, որն իմ կարծիքով, քայլ կլինի դեպի հնարավոր հետընտրական սինդրոմի վերացում, ինչպես նաև քայլ դեպի փաստաբանների միասնություն՝Դեկտեմբերի 14-ը սահմանել որպես մասնագիտական տոնի օր : 2005 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունվել է ՀՀ գործող օրենքը և իմ կարծիքով այդ օրը կլինի ամենալավ ընտրությունը մասնագիտական տոնի համար, քանի որ դժվար թե նախկին ԽՍՀՄ փաստաբանության վերաբերյալ իրավական ակտերի ընդունման օրերը կամ ՀՀ նախկին, արդեն չգործող օրենքների ընդունման օրերը լինեն հարմար, բացի այդ, Պալատն ինքնին , որպես փաստաբանների միասնական կառույց, ձևավորվել է ներկայիս գործող օրենքի հիման վրա: Մասնագիտական տոնի օրը կլինի բոլոր փաստաբանների տոնի օրը, այդ օրը մենք բոլորս, անկախ մեր դիրքորոշումներից, պետք է լինենք միասնական, կարող ենք հավաքվել մեկ վայրում և շնորհավորել միմյանց: Բացի այդ, մասնագիտական տոնի օր չունենալը ճիշտ չէ' շատ մասնագիտություններ ունեն նման տոների օրեր, այդ թվում նաև դատախազները: Կարելի է տոնի օր սահմանել Պալատի խորհրդի որոշմամբ, իսկ ապագայում դիմել ՀՀ կառավարությանը՝ դրան պաշտոնական բնույթ տալու խնդրանքով: