Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը չի մասնակցի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ամենամյա The Best մրցանակաբաշխությանը։
Բոյկոտի պատճառը Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուսին տարվա խորհրդանշական հավաքականի 26 թեկնածուների ցուցակում չընդգրկելն է, հաղորդում է իսպանական Marca-ն։
«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման 2022թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում է ՊՍԺ-ի հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսիի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հետ, սակայն գրեթե կասկած չկա, որ Բենզեման չի ստանա այդ մրցանակը։
Տարվա լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում է «Ռեալի» բելգիացի խաղացող Տիբո Կուրտուան, լավագույն մարզիչի կոչմանը՝ «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, սակայն նրանք էլ չեն մասնակցի մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին Փարիզում։