ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի այցելել է Ղազախստան՝ Կենտրոնական Ասիայի երկրների առաջատար դիվանագետների հետ մի շարք հանդիպումներ անցկացնելու համար՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված լարվածության աճի ֆոնին, հաղորդում է The Associated Press-ը:

Բլինքենը բանակցություններ է վարել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տիլեուբերդիի, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Դրանից հետո սպասվում էր այսպես կոչված C5+1 խմբի հանդիպումը, որը բաղկացած էր ԱՄՆ-ից եւ նախկին խորհրդային հանրապետություններից՝ Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից։


Այդ հանդիպմանը Բլինքենը կընդգծի «ԱՄՆ-ի հավատարմությունը Կենտրոնական Ասիայի երկրների անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ Բլինքենը կկարողանա համոզել Կենտրոնական Ասիայի երկրներին, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սպառնալիք է նրանց համար։

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն անհաջող փորձում էր տարածաշրջանի նախկին խորհրդային երկրներին զերծ պահել Մոսկվայի ազդեցությունից։ Նրանցից ոմանք, մասնավորապես Ուզբեկստանն ու Տաջիկստանը, նյութատեխնիկական օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ին Աֆղանստանում 20-ամյա հակամարտության ընթացքում»,-նշում է լրատվական գործակալությունը։