«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկում են, որ ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունն է Արցախ գործուղել՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու, որ արցախցիներին համոզի՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մեջ ոչ մի վատ բան չկա։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Արցախ եւ ակտիվ շփումներ, հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ:


Նախօրեին էլ հանդիպել է Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Բոլոր հանդիպումներում նա կարմիր թելի պես տանում է ինտեգրման անհրաժեշտության միտքը, որի մասին օրերս նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց՝ իր հարցազրույցներում. «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան:

Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի՞ ա կամ պարսի՞կ ա, կամ ռո՞ւս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում եւ հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի՝ ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադրբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է»։

Ուշագրավ է, որ նոր պետնախարարին ներկայացնելիս ԱՀ նախագահ Հարությունյանն անուղղակի հակադարձել է Բաբայանի մտքին. «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում