«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան: Իսկ ի՞նչ գործով պետք է Սիսակ Գաբրիելյանը ներկայանա Երեւան քաղաքի դատարան:

Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: «Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից եւ առաջարկել է բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Գաբրիելյանին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային:


Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջեւ, որի ընթացքում Աշոտ Սիմոնյանը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել եւ եւ այլն»:

Այս գործը դատարանում է, եւ այն քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը, որի ծանուցումները եւս պատգամավոր Գաբրիելյանը անտեսում է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սիսակ Գաբրիելյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, ի վերջո, ներկայանալու է արդյոք դատարան, կատարելու է դատարանի որոշումը, թե էլի «ծանուցում չի ստացել»: «Չգիտեմ՝ ինչ գործի մասին եք ասում: Ծանուցում ստացել եմ, բայց այս անգամ էլ չեմ գնա, քանի որ երկրում չեմ լինելու. Միացյալ Նահանգներ եմ մեկնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում