«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ գործերի կարճման հարցը: Ի՞նչն է փաստաբանների այս գործընթացի հիմքը:
Բանն այն է, որ փաստաբանները պատրաստվում են դատարաններում եւ նախաքննական մարմիններում օրինակ բերել մարտի 4-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների վարքը ու, մասնավորապես, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած սպառնալից արտահայտություններն ու վիրավորանքները, ինչին իրավապահների կողմից մինչ օրս ընթացք չի տրվել: Փաստաբանները պահանջելու են կա՛մ իրենց պաշտպանյալների մասով քրեական վարույթը կարճել, կա՛մ ընտրովի արդարադատություն չիրականացնել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ապրիլի 4-ին անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում