Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր գործելաոճին ու ամեն կերպ ձգտելու է նոր դիրքեր գրավել:
«Ոչինչ բացառել հնարավոր չէ, այո՛, հնարավոր էր կանխել, եթե ամրաշինական աշխատանքները նախապես կատարված լինեին, մինչև ադրբեջանցիների այնտեղ հայտնվելը: Եթե մինչև ապրիլի 1-ը ժամկետը տրվեր, որ պետք է ապրիլի 1-ին այդ տարածքները հանձնվեին, մենք երկար ժամանակ կունենայինք աշխատանքներ անելու համար (փորձագետը նկատի ունի Փաշինյանի՝ Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի գործարկման ժամկետի վերաբերյալ հայտարարությունը - խմբ.)»,- ասաց նա:
Ռազմական փորձագետը չբացառեց, որ Տեղ գյուղի հատվածում հնարավոր է նոր սադրանքներ լինեն: Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանն ամրաշինական կառույցներ ստեղծի: