«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանին արեւմտյան գործընկերները շատ կոշտ զգուշացրել են, որ փակի դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները ու չօգնի Ռուսաստանին` հաղթահարելու արեւմտյան տնտեսական սանկցիաների ծանր բեռը: Մեր աղբյուրներն ասում են, որ նա շատ է ազդվել այդ խոսակցությունից եւ վերադառնալով Հայաստան` իր մոտ է հրավիրել ԿԲ նախագահին, կառավարության անդամների ու ՊԵԿ ղեկավարին եւ հանձնարարել է խստիվ փակել այդ խողովակները:
Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից:
Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է:
Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում