Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Դժվար էր: Անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:


Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորեցին Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Վահագն Դավթյանին եւ Հայաստանի թիմին:

Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դիմավորելու էին եկել մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարմնամարզիկներ, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մարզիչներն ու մարզիկները, Արթուր Դավթյանի ծնողները, կինը եւ 3-ամյա դուստրը:

«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում:

Հենացատկում դժվար պայքար էր: Անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը 4 տասնորդական ավելի բարձր կատարեց: Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ էր: Իմ եւ անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, բայց ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի: Դժվար էր, բայց հաջողությամբ արեցի այն, ինչ անում էի մարզումներին:

Մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էինք: Իհարկե, մեզ շատ լավ ընդունեցին, ոչ մի խնդիր չկար, բայց, անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ես: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ հիմնը հնչեցնել: Այդքան էլ կապ չունի՝ Թուրքիայում ես, թե այլ երկրում, ուրախալի է այն փաստը, որ ամբողջ Եվրոպայում դու հաղթող ես:

Նժույգ թափերի բրոնզե մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը եւ դուրս գալ եզրափակիչ: Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել եւ մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք եւ մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը:

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnewsamsportarm%2Fvideos%2F236519978905264%2F&show_text=false&width=560&t=0" width="560" height="314" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>