Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճած Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։


Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։ Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին:

Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։ Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»,- գրել է ծանրորդը։

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ մասնակցեց +109 կգ քաշային կարգում։