Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան դադարեցնելու դեպքում իրավիճակը չի փոխվում: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։շ

Նշենք՝ քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիան։ Ըստ լրատվամիջոցների՝ երբ պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել եւ ակցիայի մասնակիցներին առաջարկվել է դադարեցնել այն։


««Էկոակտիվիստները» իրենց երկու գերնպատակերն իրականացրել են. մեկը՝ Արցախի շրջափակում, պաշարում, մյուսը՝ Լաչինի միջանցքը վերածել «проходной двор»-ի: Փաստորեն նման վարքագծով լուրջ հարված են տվել Ռուսաստանին, դանակահարել են Ռուսաստանին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը: Ադրբեջանն իր նպատակն իրականացրել է: Այդ չարաբաստիկ անցակետը, որը կախաղան է, դրել են, հիմա այլեւս իմաստ չկա կանգնելու: Այնպես է, որ նրանք կարող են ցանկացած պահի փակել միջանցքը»,- ասաց Բաբայանը:

Դավիթ Բաբայանն ասաց, որ ադրբեջանական անցակետը տեղադրելու աշխատանքներ են տարվում, ամեն ինչ իրենց կողմից պատրաստ է.

«Անցակետի տեղադրումով է պայմանավորված ակցիայի դադարեցումը: Հիմա ուզում ենք հասկանալ, թե այդ միջանցքն ի՞նչ է դառնում»:

Հարցին՝ ռուսական կողմը շարունակո՞ւմ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, Բաբայանը պատասխանեց. «Ասում են, որ շարունակում են: Հստակ չեմ կարող ասել: Սա վերեւում է որոշվում, սա հին կամ նոր հրամանատարների խնդիրը չէ»:

Հարցին՝ Արցախի իշխանությունների ակնկալիքները ռուսական կողմից չե՞ն արդարացվել, Բաբայանն ասաց. «Այս պահին մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պիտի պարզաբանվի: Որեւէ պայմանագրում, նույնիսկ 2020-ի չարաբաստիկ պայմանագրում գրված չէ, որ պետք է միջանցքը վերածվի «проходной двор», որ պետք է դրվեն անցակետեր: Փաստորեն արդեն իսկ չկա միջանցք հասկացությունը: Եթե չկա, պետք է հարցնենք՝ պատճա՞ռը, ինչո՞ւ եք այդպիսի քաղաքականություն վարում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ հայտարարել այդտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին: Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: