ՌԴ Քննչական կոմիտեն եւ այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են ուկրաինական անօդաչուների հարձակումը Կրեմլի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ, այն, ինչ տեղի է ունեցել, ենթակա է շատ մանրակրկիտ հետաքննության, օպերատիվ հետաքննության։ Դուք գիտեք, որ Քննչական կոմիտեն, անհրաժեշտ ծառայություններն այդ ամենով զբաղվում են։ Իսկ երբ սպասել արդյունքներին, չեմ կարող ասել, դա արդեն կախված է նրանցից»,-ասել է նա։
Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի վրա անօդաչուներով հարձակմանը չմասնակցելու մասին Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությունները ծիծաղելի են թվում, եւ Մոսկվան գիտի, որ հարվածների համար եւ՛ միջոցները, եւ՛ թիրախները Կիեւը ընտրում է Վաշինգտոնի թելադրանքով: «Դրանից հրաժարվելու փորձերը՝ եւ՛ Կիեւում, եւ՛ Վաշինգտոնում, իհարկե, բացարձակապես ծիծաղելի են։ Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների, նման ահաբեկչությունների մասին որոշումները Կիեւում չեն կայացվում։ Իսկ Կիեւն արդեն կատարում է այն, ինչ իրեն ասում են անել»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ «հաճախ նույնիսկ բուն նպատակները որոշում է ոչ թե Կիեւը, այլ դրանք որոշում են Վաշինգտոնում եւ հետո հասցնում Կիեւ, որպեսզի Կիեւը կատարի»։ «Եվ ամեն անգամ չէ, որ Կիեւին իրավունք են տալիս միջոցներ ընտրել։ Դա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմ։ Մենք դա լավ գիտենք եւ դրանում մեզ հաշիվ ենք տալիս»,-նշել է Պեսկովը։
«Անշուշտ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան Վաշինգտոնին մեղսակից է համարում։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլի տեղեկությունը արժեր «երկու մասի բաժանել», Պեսկովը նշել է. «Ինչպես հարմար է բաժանեք կամ մի բաժանեք։ Բայց Վաշինգտոնում պետք է հստակ հասկանան, որ մենք դա գիտենք»։