«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․
«Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայցեւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլեւ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»:
Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու եւ ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար»:
ՀՀ պատվիրակությունը տեղակայված է եղել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կազմակերպվել էր միջոցառումը։ Իսկ հյուրանոցից դուրս պաշտոնական ճաշերին մասնակցել է՝ հրավիրողի տրամադրած անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցել է Ուկրաինային, չնայած կարծիք կար, որ նա, պատերազմով պայմանավորված, հրաժարվելու է, եւ նախագահությունն անցնելու է Հայաստանին։ Որոշվել է, որ նիստերը տեղի կունենան Ստամբուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում