Մենք ուսումնասիրում ենք բոլոր այն կանաչ տարածքները, որոնք վերածվել են բետոնապատ կառույցների: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Մեր գործառույթի շրջանակներում ձգտում ենք վերականգնել կանաչ տարածքները: Մենք ունենք բավարարված հայց Վարչական դատարանում: Մեկ տարի առաջ ներկայացված ճանաչման հայցը, որը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում էր ներկայացվել, բավարարվել է, եւ եթե չբողոքարկվի եւ ուժի մեջ մտնի, այն տարածքը, որը կանաչապատ պետք է լինի եւ Հաղթանակ զբոսայգուն է պատկանում, պետք է վերադարձվի ՀՀ-ին»,- նշել է Վարդապետյանը:
Նա ասել է, որ Երիտասարդական պալատի վարձակալության տրամադրած հողատարածքի վերաբերյալ Դատախազությունը վերջերս հայց է ներկայացրել. «Դա «Յանս» ռեստորանն է, որը գտնվում է կանաչ գոտու տարածքում: Այստեղ վաճառքի հետ կապված նաեւ չարաշահում կար պետությանը մոտ 4 միլիարդի վնաս կար պատճառված: Մենք վնասի հիմքով ենք հայց ներկայացրել դատարան: Պետությունն ունի որոշակի հայեցություն. եթե կառուցապատված է արդեն եւ բազմաթիվ անձանց իրավունքներ կարող են ոտնահարվել շենքի քանդման արդյունքում, ապա գումարային փոխատուցման մասին կարելի է խոսել»:
Գլխավոր դատախազը նշել է, որ կան մի շարք հայցեր, որոնք պատրաստվում են, եւ շուտով կներկայացվեն դատարան.
«Բոլոր մեծ զբոսայգիները, որոնք ինչ-ինչ պատճառներով ապօրինի կառուցապատման զոհ են դարձել, մեր ուշադրության կենտրոնում են: Արաբկիր զբոսայգին նույնպես, մոտ 1500 քառակուսի մետր տարածքի կառուցապատման մասին է խոսքը, պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացված դատարան»: