Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ծրագրվող հակահարձակումը հետին պլան է մղել խոսակցությունները բանակցությունների միջոցով հակամարտության հնարավոր կարգավորման մասին, բայց ամերիկացի եւ եվրոպացի որոշ պաշտոնյաների կարծիքով՝ պատերազմի հաջորդ փուլը կարող է ազդակ հաղորդել դիվանագիտությանը, գրել է The New York Times պարբերականը։

Ռազմական ստրատեգների կարծիքներն այն մասին, թե կկարողանա արդյոք Ուկրաինան վերադարձնել իր տարածքներն ավելի քան մեկ տարի ընթացող պատերազմից հետո, խիստ տարբեր են, նշել է պարբերականը։


«Ներկա պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զիջումների գնալու կամ կառուցողական երկխոսություն վարելու որեւէ ցանկություն չի դրսեւորում։ Իսկ ԱՄՆ պաշտոնյաները նախկինի պես զգուշավոր են հրադադարի անհապաղ դադարեցման կամ խաղաղ բանակցությունների ցանկացած կոչերի հանդեպ, հատկապես եթե դրանք նախաձեռնվում են Չինաստանի կողմից։ Պեկինը փորձում է խաղալ խաղաղարարի դեր՝ չնայած Ռուսաստանի հանդեպ իր ակնհայտ ռազմավարական կողմնորոշմանը»,- գրել է NYT-ը։

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլիի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ուկրաինացիներն ունեն «անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հաջող շարունակեն հետ բերել վերջին 14 ամսում ուժով Ռուսաստանի կողմից զավթված տարածքները»։

Ուկրաինայի ղեկավարները նույնպես ասում են, որ չեն համաձայնի բանակցություններին, քանի դեռ հետ չեն մղել ռուսական զորքերը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականներն ուսումնասիրում են պոտենցիալ վերջնանպատակները՝ փորձելով որոշել արդյունքը, որը կարող էր ընդունելի լինել ինչպես Կիեւի, այնպես էլ Մոսկվայի համար, եթե խաղաղության բանակցություններ սկսվեն, նշել են ամերիկացի պաշտոնյաները։

Բայդենի օգնականները եւ եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ իրենց գլխավոր հույսն այն է, որ Ուկրաինան կհասնի զգալի հաջողությունների հակահարձակման ընթացքում, ինչը ցանկացած բանակցություններում ազդեցության ավելի շատ լծակներ կապահովի։