Առողջապահության նախարարությունը հերքել է տարածված տեղեկությունները՝ թե Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել:

Հայտարարության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել:

Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին եւ 29-ին բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Աշտարակի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն բաժանմունքում եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց տրամադրվել է բժշկական անհրաժեշտ օգնություն եւ սպասարկում պետպատվերի շրջանակում: Նշված գյուղերում ՀՀ առողջապահության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության համապատասխան մասնագետների կողմից կազմակեպվել են բակային համայցեր` նոր դեպքերի վաղ հայտնաբերման եւ բժշկական օգնության կազմակերպման համար: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվել է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:

Ըստ համաճարակաբանական հետազոտության տվյալների՝ վարակը տարածվել է խմելու ջրի միամոմենտ աղտոտման պատճառով:

Օգոստոսի 28-ին, ինչպես նաեւ հետագա օրերին խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով դրանում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: